ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ որոնում են նաև լրտեսները

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ որոնում են նաև լրտեսները
03.05.2020 | 10:01

ԱՄՆ հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը հաղորդել է, որ օտարերկրյա լրտեսները ակտիվորեն հետաքրքրված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներով, որ կատարվում են ԱՄՆ-ում: Հակահետախուզության ու անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Բիլ Էվանինան պատմել է, որ իշխանությունները արդեն նախազգուշացրել են այդ ռիսկերի մասին բժշկական հետազոտություններուն ներգրավված կազմակերպություններին: Նա չի մանրամասնել՝ եղե՞լ են տվյալների գողության դեպքեր: Բրիտանական հատուկ ծառայությունները նույնպես հաստատել են օտարերկրյա լրտեսների անառողջ ակտիվությունը: Աշխարհում իսկական մրցավազք է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար: Այդ մրցավազքում են առանձին հետազոտողներ, մեծ ընկերություններ և կառավարություններ: Նրանց ջանքերի վրա է օտարերկրյա լրտեսների հույսը, իսկ հակահետախուզությունը կարեցածն անում է նրանց խանգարելու համար: Կազմակերպությունը, որ գլխավորում է Էվանինան, անկասկած, աշխարհում ամենահզորներից մեկն է, օգնում է ԱՄՆ կառավարությանը, մասնավոր բիզնեսին, գիտնականներին՝ դիմակայելու լրտեսների տվյալների առևանգման փորձերին: «Մենք սերտ համագործակցում ենք բիզնեսի ու կառավարության տղաների հետ ու ամեն ինչ անում ենք, որ նրանք կարողանան լավագույնս ապահովել իրենց հետազոտությունների տվյալները,-ասում է Էվանինան:-Կասկած չկա, որ արտասահմանյան հետախուզությունները, ներառյալ Չինաստանի, փորձելու են իմանալ՝ ինչ ունենք մենք»: ԱՄՆ կառավարությունտ ջանում է աջակցել պատվաստանյութի ստեղծմանը ծրագրի շրջանակներում, որ ստացել է կոդային անվանում՝ Warp Speed: Պարզ է, որ պատվաստանյութը կամ արդյունավետ ու անվտանգ դեղամիջոցն առաջինը ստացած ցանկացած երկիր առաջին հերթին ապահովելու է իր քաղաքացիներին: «Մենք կապվել ենք բոլոր բժշկական հետազոտական կազմակերպությունների հետ, որ աշխատում են այդ ուղղությամբ և նրանց հորդորել ենք շատ զգոն լինել,-ասում է հակահետախույզը:- Այսօրվա աշխարհում չկա ոչինչ ավելի արժեքավոր ու առևանգման արժանի, քան բժշկական-կենսաբանական հետազոտությունների արդյունքները, որ կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը»:


Ապրիլի կեսին ՀԴԲ-ն հաղորդել է կորոնավիրուսի հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններ ներթափանցման փորձերի մասին: ՀԴԲ-ի տնօրենի օգնականի տեղակալ Տոնյա Ուգորեցը հայտարարել է, որ բժշկակենսաբանական հետազոտությունների տվյալները վաղուց կիբեռլրտեսության գերակա նպատակ են և հատուկ ուշադրության տակ են կազմակերպությունները, որ զբաղվում են վիրուսով: Գլխավոր դատախազի ազգային անվտանգությնա հարցերով օգնական Ջոն Դեմերսը նշել է, որ աբսուրդ է կարծել, թե Չինաստանին այդ տեղեկությունները չեն հետաքրքրում: Մարտին Կանադայի կեբեռանվտանգության կենտրոնը զգուշացրել է, որ «Լուրջ սպառնալիք ներկայացնող տարրերը կարող են փորձել գողանալ կազմակերպությունների ինտելեկտուալ սեփականությունը, որ զբաղվում են Covid-19-ի ուսումնասիրություններով»: Ամերիկացի ու արևմտյան լրտեսներին չի կարող չհետաքրքրել՝ ինչ է կատարվում Չինաստանում, այդ թվում Covid-19-ից մահացության հակասական թվերը, պատվաստանյութի և հնարավոր դեղերի ստեղծման հետազոտությունները: Շարունակվում է բուժհաստատությունների վրա կիբեռգրոհների վտանգը, որ կարող է սպառնալիք լինել պանդեմիայի դեմ նրանց պայքարի կարողություններին: Ապրիլին Չեխիայի երկու հիվանդանոցներ արդեն ենթարկվել են կիբեռհարձակումների, և անսպասելի արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարը: «Մենք կոչ ենք անում այս գրոհների ենթադրյալ հեղինակին ձեռնպահ մնալ չարամիտ կիբեռատիվությունից առողջապահության չեխական համակարգի կամ որևէ այլ ինֆրակառույցի նկատմամբ» հայտարարել է Մայք Պոմպեոն:
BBC


Հ.Գ. Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ԵՄ-ն ունի միանգամայն այլ դիրքորոշում: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են ԵՄ-ում, հասանելի կլինեն ամբողջ աշխարհին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով տեղի կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակման համար գումար տրամադրած դոնոր երկրների խորհրդաժողովը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով: Գերմանիայի կանցլերը նույնպես մասնակցում է խորհրդաժողովին: Քննարկվելու է, թե «ինչպես ենք մշակելու պատվաստանյութեր, դեղամիջոցներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան «իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը»: Մերկելի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար նախկինի պես պակասում է 8 միլիարդ եվրո: Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա» այդ աշխատանքում, ընդգծել է նա: Կանցլերը ողջունել է այն փաստը, որ այս գործունեության մեջ իրենց մասնակցությունն ունեն ոչ միայն կառավարական կառույցները, այլև մասնավոր հիմնադրամները, պատվաստանյութերի և դեղորայքի արտադրողները։ «Գերմանիան մտադիր է սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որն իր կարևոր դերակատարումն ունի այս հարցում»,- ասել է Մերկելը։ Փաստացի՝ նա ևս հակադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը և մեղադրում է ԱՀԿ նախագահին՝ կորոնավիրուսի պանդեմիայի անարդյունավետ կառավարման մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ